Ապրիլի 13-15 Երևանում տեղի է ունենում միջազգային մասնագիտացում ունեցող «ԿՈՎԿԱՍ Շինարարություն և Վերանորոգում EXPO» ցուցահանդեսը, որն իր աշխատանքները սկսել է Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում:
Ցուցահանդեսի նպատակն է իրացման նոր շուկաների որոնումը, ՀՀ տնտեսությունում արտասահմանյան ներդրումների գրավումը, ՀՀ տնտեսական պոտենցիալի ներկայացումը:
«Ցուցահանդեսին ներկայացված են շինարարական ընկերությունների նվաճումները, որոնք ցույց տվեցին, որ անգամ ճգնաժամի պայմաններում կանգ չեն առել և շարունակել են մրցունակ լինել` միաժամանակ մեծացնելով իրենց արտադրանքի ծավալները»,-ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «հայերը միշտ էլ շինարար և ստեղծարար են եղել» և այժմ ընդլայնում են իրենց հնարավորությունները նրա համար, որպեսզի մրցունակ լինեն, ինչպես իրենց հարևանները:
Ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն հայկական ընկերություններ, այլ նաև հարևան Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամաբ, «Կովկաս շինարարություն և վերանրոգում 2012» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 90 ընկերություն հետևյալ թեմատիկ խմբերում` տեխնոլոգիաների շինարարություն, պատերի և առաստաղի դեկորացիա, լույսի աշխարհ, կերամիկա և քար, տեքստիլ տան համար, ցեմենտ, բետոն, տանիք և ծածկ, դռներ և պատուհաններ, ինչպես նաև գորգեր և հատակի ծածկեր:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Logos Expo Center-ը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ: