Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս իր կուսակիցներին չմասնակցել հեռուստաբանավեճերին: Այդ մասին նա ԱԺ-ում հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է հրավիրել ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանին: Ըստ Սահակյանի, հեռուստաբանավեճերի կարիք ունեն մոտավորապես հավասարազոր քաղաքական ուժերը՝ լավագույնս ներկայացնելու համար իրենց արժանիքները:
Գալուստ Սահակյանը չի բացառել, որ հեռուստաբանավեճերը պետք է ներմուծվեն հայկական քաղաքական մշակույթ, սակայն ոչ հիմա, երբ դրանից միայն թամաշա կստացվի:
«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր և ընդդիմադիր ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է կանչել թիվ 1 և թիվ 7 ընտրատարածքներում ՀՀԿ թեկնածուներ Ռուբեն Հայրապետյանին ու Սամվել Ալեքսանյանին, որոնք դեռ համաձայնություն չեն տվել: