13 ապրիլի 2012 - 17:07 AMT
Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանի պահվածքը տարօրինակ է համարում

ՀՀ կրթության և գիտության նախարարության գործողությունների արդյունքում ոչ մի ուսանող, նույնիսկ նրանք, ովքեր Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի կողմից ստացել են դիպլոմներ չգրանցված մասնագիտություններով, չեն տուժելու: Ինչպես ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արմեն Աշոտյանը, ուսանողները մեղավոր չեն, որ պետությունը նոր է հայնաբերել այդպիսի խախտումներ:

Աշոտյանի կարծիքով՝ ինքն ու ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը չեն պատերազմում: «Օրենքի շրջանակում տրված կարգապահական տույժը հասկանալի է, սակայն անհասկանալի և շատ տարօրինակ է ռեկտորի պահվածքը»,-նշեց նա: Նախարարն ընդգծեց, որ իր Facebook-ի էջում կազմել է անհեթեթությունների եռյակ, որի համաձայն անհթեթ են այն մեկնաբանություններն, որոնք այս երևույթը կապում են քաղաքական գործընթացների հետ, ինչպես նաև համալսարանի հնարավոր լուծարման և շենքի վաճառքի հետ կապված խոսակցությունները:

ԵՊԼՀ-ում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել և արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են կրթական գործունեության մի շարք ուղղությունների: