13 ապրիլի 2012 - 18:08 AMT
Այսօր նշվում է Չինարենի օրը

ՄԱԿ-ում այսօր տեղի է ունեցել «Չինարենի օրվան» նվիրված միջոցառում, որի ընթացքում հայ երիտասարդները ծանոթացել են չինարենի օգտագործման ու լեզվական բազմազանության խնդիրներին: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրին ՄԱԿ-ի գրասենյակից, միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը` Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ու Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան նշել է, որ ուրախ է Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն չինարենի նկատմամբ:

Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանի պաշտոնակատար Ժաո Մինվենն էլ ասել է, որ իրենք աշխատում են չինարենի հետագա խթանման ուղղությամբ և գնահատում են հայերի հետաքրքրվածությունը լեզվի նկատմամբ:

Միջոցառման ժամանակ Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները ներկայացրել են չինարեն լեզվի պատմությունն ու օգտագործումը ՄԱԿ-ում, կատարել չինական երգեր:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակն արդեն երկրորդ տարին է, ինչ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուների` արաբերենի, չինարենի, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և իսպաներենի օրերը: