Հայաստանում Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանը մամլո ասուլիսում հայտնել է, որ Հայաստանն ու Մակեդոնիան որոշ ընդհանուր նպատակներ ունեն: Նրա խոսքով` միաբևեռ աշխարհի մենաշնորհատիրությունը` ԱՄՆ գլխավորությամբ, աստիճանաբար անցյալն է գնում, և բեմ են դուրս գալիս Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը, ԱՊԼ-ն: Այդ պայմաններում տարածաշրջանային քաղաքականության զանազան կենտրոնների առկայությունը կարևորագույն նշանակություն է ստանում:
Հայաստանն ու Մակեդոնիան աշխարհագրական առումով բաժանում է Թուրքիան, ռազմավարական առումով թուրքական գործոնը նրանց միավորում է: Պանթուրքիզմն ու նեոօսմանիզմը մտահոգություն են առաջացնում ոչ միայն Թուրքիայի հարևանների մոտ, այլև մի շարք բալկանյան երկրներում, այդ թվում Բուլղարիայում, Սերբիայում, Հունաստանում: Այդ ուղղությամբ տվյալ բալկանյան երկրները շատ աշխատանք ունեն անելու, և ընդհանուր սպառնալիքը կարող է և պետք է հիմք դառնա ամուր կապերի ու հակազդելու ջանքերի միավորման համար: