Դրամաշնորհի ձևով կֆինանսավորվեն «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության» և «Կենսաթոշակային իրազեկման» ծրագրերը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի միջև այսօր ստորագրվեցին 2 համաձայնագրեր, ըստ որոնց` գրասենյակը համապատասխանաբար 200 000 և 600 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ է տրամադրում նախարարությանը` «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության» և «Կենսաթոշակային իրազեկման» ծրագրերի իրականացման համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ առաջին ծրագրի հետ կապված նախարարությունն արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է, սակայն գրասենյակի աջակցությունը կարևոր կլինի ծրագրի ավելի արդյունավետ լինելու համար: Մյուս ծրագրի մասին խոսելով՝ նախարարը նշեց, որ ցանկացած բարեփոխում ավելի արդյունավետ կլինի, եթե մենք ունենանք իրազեկված հասարակություն։ «Մենք պետք է օգտագործենք բոլոր քայլերը, որպեսզի կարողանանք 2014 թվականից իրականացվելիք բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մանրամասներին իրազեկել բոլոր շահառուներին»,– նշեց նա:
Վերջին ծրագրի նպատակը ներկայիս և ապագա կենսաթոշակառուներին կենսաթոշակային նոր համակարգին ծանոթացնելն է:
Այս աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության» ծրագրի նպատակը բռնության ենթարկված կանանց մատուցվելիք ծառայությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելն է: Որպես առաջին քայլ` նախարարությունն առաջարկել է քարտեզագրել առկա ծառայությունները, առաջարկել գործողություններ` դրանք հզորացնելու համար, ինչպես նաև մշակել իրավական նորմեր` ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց համակարգված աջակցություն ցուցաբերելու համար: