16 ապրիլի 2012 - 16:22 AMT
Նիկոլ Փաշինյանն երեկոյան Ռուբեն Հայրապետյանին կսպասի «Արմնյուզի» ուղիղ եթերում

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ից 7-րդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնել է լրագրողներին, որ այսօր 22:00-ին ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին կսպասի «Արմնյուզի» ուղիղ եթերում բանավիճելու համար:

Ըստ նրա, նա սպասում է, որ 1-ին ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թենկածու և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն իր խոսքի տերը կլինի՝ Հայրապետյանն ասել էր, որ պատրաստ է քաղաքական բանավեճի բռնվել ՀԱԿ առաջին տասնյակի հետ, ցանկացած ձևաչափով: «Ես նրան չեմ կանչել, նա է ինձ կանչել բանավեճի»,-նշել է ՀԱԿ ընտրացուցակի 7-րդ համարը:

«Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է բանավեճի մասնակցել, ապա թող զուր դին-դինիթներ չանի»,-հավելել է Փաշինյանը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):