16 ապրիլի 2012 - 18:20 AMT
Նիդերլանդներում ՀՀ դեսպան. Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու համար

Նիդերլանդների հայ համայնքի Աբովյան մշակութային միությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրին, որ դեսպանն անդրադարձել է Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը: «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման քրեականացման անկասելի առաջընթացը»,-ընդգծել է նա:

«Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիայի կայացումը» (Armenian Genocide and the Making of Modern Turkey) թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, դոկտոր Ուր Ումուտ Ունգորը (Dr. Ugur Umit Ungor): Նա անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման տնտեսական դրդիչ գործոններին` կոնկրետ օրինակներով ներկայացնելով արդեն իսկ հանրայնացված արխիվային նյութերով հիմնովին փաստվող հսկայածավալ ծրագրված ու իրականացված գործողությունները: