16 ապրիլի 2012 - 21:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյանն ու Կոռնելիա Պիպերը գոհ են ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցության բարձր մակարդակից

Ապրիլի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կոռնելիա Պիպերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է և Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պետնախարար Պիպերը նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը և ԱԳՆ պետքարտուղարը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին: Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Բանակցությունների օրակարգում էին մշակութային և գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

ՖՈՏՈՇԱՐՔ