21 ապրիլի 2004 - 20:35 AMT
ԱՅՍՕՐ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Այսօր Կանադայի խորհրդարանը քվեարկելու է հայոց ցեղասպանությունը ճանաչող «M-380» բանաձեւը: Ինչպես տեղեկացնում է Կանադայի Հայ դատի հանձնախումը, տվյալ հարցով նախօրեին սկսված քննարկման ընթացքում տարբեր կուսակցությունները ներկայացնող համարյա թե բոլոր պատգամավորներն արտահայտվել են ի նպաստ հայոց ցեղասպանության ճանաչման, բացի Մորիս Վելակութեից, որին Կանադայի խորհրդարանում համարում են «Թուրքիայի խոսնակ»: Աղբյուրի համաձայն` Թուրքիայի դեսպանը նամակով դիմել է կանադացի խորհրդարանականներին, որում կոչ է արել չճանաչել հայոց ցեղասպանությունը, քանզի, նրա խոսքերով` դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-կանադական հարաբերությունների վրա: Իր հերթին կանադացի պատգամավորներին է դիմել նամակով Հայաստանի դեսպան Արա Պապյանը, որը հանդես է եկել իր թուրք գործընկերոջ նախաձեռնության դեմ: