Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ձեռքից ուզում են խլել գրասենյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա ուզում է անել ոմն Սենիկ Ջուլհակյանը, որը ներկայացել է, որպես բարեգործ-ձեռներեց:
Սենիկ Ջուլհակյանը բարեգործական նկրտումներով արդեն գնել է նույն շենքում գտնվող Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տարածքը, և ուզում է այս քաղաքագետների միության շենք էլ գնել: Հմայակ Հովհաննիսյանը պատմեց, որ ինքը հրաժարվել է տարածքը վաճառել, որից հետո կառավարությունը որոշում է ընդունել օտարել տարածքը Սենիկ Ջուլհակյանի օգտին:
Սակայն, Հովհաննիսյանի խոսքերով, Ջուլհակյանն այդքան գումար չունի, քանի որ գոյություն չունի այն չեխական ընկերությունը, որի անունից նա հանդես է գալիս, և վերջինս վճարունակ չէ:
«Սենիկի հետևում իրականում կանգնած է Սյունիքի մարզպետ Լիսկան: Կառավարությունն առանց ճշտելու, թե այս մարդն ով է, որոշում է կայացրել: Ինչպե՞ս կարող էր կառավարությունը առանց հասկանալու նման որոշում կայացնել:
Դրանից հետևում է, որ Տիգրան Սարգսյանին ուղղորդում է Լիսկան: Կառավարությունը դա արել է Լիսկային ծառայություն մատուցելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: