20 ապրիլի 2012 - 14:26 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Ինձ հարկավոր չէ Օբամայի ճանաչումը Հայոց ցեղասպանությանը հավատալու համար

«Ինձ հարկավոր չէ, որ Օբաման արտասանի «ցեղասպանություն» եզրույթը, որպեսզի ես հավատամ այդ պատմական փաստին»,-այսօր լրագրողներին է հայտարարել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղելավար Ռիչարդ Կիրակոսյանը: «Ես ԱՄՆ ժողովրդավարական կուսակցության անդամ եմ, սակայն ինձ համար կարևոր չէ, կարտասանի Օբաման «ցեղասպանություն» բառը, թե ոչ, կարևոր է, որ ես գիտեմ Ցեղասպանության մասին»,-ասել է Կիրակոսյանը: Ըստ նրա, ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը լոկ բարոյականության հարց է: Կարևոր է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Նա գնում է այդ ուղղությամբ, սակայն շատ դանդաղ: «Շատ կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իր պահանջները ներկայացնի»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիան պետք է ընդունի իր անցյալը, դա հենց նրա շահերից է բխում, հասկանալու համար թե որ ուղղությամբ պետք է շարժվի և ինչպիսի ապագա է նրան սպասում: