20 ապրիլի 2012 - 17:30 AMT
Բրիտանացի հայտնի գրող Թոբի Լիթը կայցելի Հայաստան

Միացյալ Թագավորությունում «Գրանտա» գրական հայտնի ամսագրի կողմից 2003 թվականին բրիտանացի 20 երիտասարդ լավագույն արձակագիրներից մեկը ճանաչված գրող Թոբի Լիթը Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ կայցելի Հայաստան:

Թոբի Լիթը Հայաստան է այցելելու մշակույթի նախարարության հրավերով, իսկ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ կհանդիպի հայ երիտասարդ գրողների հետ: Հանդիպման ընթացքում գրողները կքննարկեն համատեղ ստեղծագործ համագործակցության հեռանկարները, գրական աշխարհում միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունները:

Թոբի Լիթը ծնվել է Անգլիայում 1968 թվականին: Սովորել է Բեդֆորդի ժամանակակից դպրոցում, անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի Վոլչեստր քոլեջում, իսկ ստեղծագործ շարադրում` Արևելյան Անգլիայի համալսարանում: Նրա առաջին գիրքը` «Արկածներ կապիտալիզմում» կարճ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1996 թվականին: «Ամենավառ երիտասարդ տաղանդը գրական ասպարեզում»,-գրքի լույս տեսնելուց հետո գրել է Independent-ը:

Մինչ օրս Թոբի Լիթը հեղինակել է 10 ստեղծագործություն: Նրա վերջին պատմվածքներն են «Ճանապարհորդություն դեպի տիեզերք» (2009թ.) և «Մահվան արքան» (2010թ.): Penguin հրատարակչատան «Մենք կպատմենք պատմություններ» ծրագրի շրջանակում Թոբի Լիթը գրել է ինտերակտիվ կարճ պատմվածքներ` օգտագործելով Livejournal-ի և Twitter-ի հնարավորությունները:

Գրական աշխատանքին զուգահեռ Թոբի Լիթը ստեղծագործ շարադրում է դասավանդում Բըրքբեքիում, Լոնդոնի համալսարանում: Երևանում գրողը «Ստեղծագործ շարադրման ուսուցում» թեմայով վարպետության դասընթաց կանցկացնի անգլերենի ուսուցիչների համար: