29 մարտի 2003 - 19:20 AMT
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼՂՀ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ
Լեռնային Ղարաբաղը Իրաքի հայ փախստականներից Լեռնային Ղարաբաղում տեղավորման խնդրանքով դիմումներ չի ստացել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ներգաղթի եւ փախստականների վարչության պետ Սերժ Ամիրխանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն Իրաքի հայ փախստականներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու Հայաստանի մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, նշել է Սերժ Ամիրխանյանը, եթե իրաքյան պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի սահմանին առաջանան փախստականների կուտակումներ, որոնք կդիմեն իրենց ընդունելու խնդրանքով, ղարաբաղյան կողմը, ղեկավարվելով Ժնեւյան կոնվենցիայով, աջակցություն կցուցաբերի նրանց` իր հնարավորությունների սահմաններում: Ընդ որում, դա կարվի անկախ փախստականների ազգային կամ կրոնական պատկանելիությունից, ընդգծել է Ս.Ամիրխանյանը: