23 ապրիլի 2012 - 16:52 AMT
Կրթության նախարարությունում տեղի է ունեցել Վերջին դասին նվիրված տեսահոլովակի պրեմիերա

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Վերջին դասին նվիրված երգի տեսահոլովակի շնորհանդես, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, երգի հեղինակ, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, երգիչ Մհերը և տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը: Անդրադառնալով երգի ստեղծման պատմությանը` Ա. Աշոտյանը հայտնել է, որ երգի գաղափարը նախարարի ֆեյսբուքյան էջում առաջարկել է երգահան Լ. Բլբուլյանը: «Այս երգը գալիս է համալրելու Վերջին դասին նվիրված երգերի շարքը և հարստացնելու աշակերտների երաժշտանոցը: Երգը հասանելի կլինի բոլոր դպրոցականների համար և հուսով եմ, որ Վերջին դասին նվիրված միջոցառումն աշակերտների համար կդառնա կրկնակի հաճելի, սպասելի և տոնական»,-նշել է Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը ստեղծագործական խմբի հետ միասին երգը նվիրում է բոլոր շրջանավարտներին: Երգի հեղինակ Լ. Բլբուլյանը նշել է, որ յուրաքանչյուր երգ` ինչպես մարդը, ունի իր ճակատագիրը և հույս է հայտնել, որ տվյալ երգը կունենա երջանիկ ճակատագիր:

Շնորհանդեսի ընթացքում լրագրողներին հետաքրքրել է երգի և տեսահոլովակի ստեղծման համար նախատեսված դրամական միջոցների սկզբնաղբյուրը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ երգը կյանքի է կոչվել մասնավոր ներդրողների ֆինանսական հատկացումներով, և նախարարությունն իրականացրել է միայն կազմակերպչական աջակցություն: Նախարարն արձագանքել է նաև լրագրողներից մեկի առաջարկին` նման երգ ունենալ նաև առաջին դասին նվիրված: Այս կապակցությամբ Ա. Աշոտյանը նշել է, որ կարելի է ստեղծագործական խմբերի համար հայտարարել մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն ստեղծագործությունն էլ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ որպես նվեր կմատուցվի դպրոցականներին: