23 ապրիլի 2012 - 16:55 AMT
Սոֆիայում ներկայացվել են հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր

Ապրիլի 21-ին Սոֆիայի Լյումիեր դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր։

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը և ՎՄՌՕ (Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն) կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվեցին նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչևի և Սլավի Բինևի ուղերձները։