Երևանը երեկ հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Քաղաքապետարանին հաջողվել էր օրը դարձնել իրոք տոնական: Ամեն քայլափոխին համերգներ, ցուցահանդեսներ, տիկնիկային ներկայացումներ, ֆլեշմոբ, բոցաշունչ հրավառություն… և, իհարկե, երեկոյի մեխը՝ հանրահայտ Անդրեա Բոչելիի անմահական ձայնը՝ այն էլ բացօթյա ու բոլորովին անվճար: Բոլորը գոհ էին, ոմանք նույնիսկ չափազանց. «Ա դե կարգին երկրում ենք ապրում…»:
Անգամ եթե երեկ երեկոյան չեք եղել Երևանի կենտրոնում, կարող եք պատկերացնել որքան մարդաշատ էին հրապարակները, պուրակները, փողոցներն ու մայթերը: Ու մեր քաղաքապետարանը որոշել էր ինչքան հնարավոր է երևանցիների «աչքը մտնել»: Ոնց որ ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց քաղաքապետարանը չափն անցել էր. իբրև թե այս տոնական միջոցառումները քիչ էին, մի հատ էլ որոշել էին փողոցների գծանշաններն ու գծանցումները թարմացնել: Երևանցիները սա ոչ միայն «ողջունելի» չէին համարում, այլև բացահայտ նյարդայնանում էին՝ «Գծանշաններ թարմացնելու օ՞ր եք գտել: Մեկա՝ 5 րոպեից ձեր արած աշխատանքի հետքն էլ չի մնալու»…
Եվ իրոք՝ ամբոխն անցնում էր՝ Բոչելիից ստացած տպավորությունների հետ «ոտքի հետ» տանելով նաև թարմ գծանշանների թաց ներկը…