25 ապրիլի 2012 - 13:31 AMT
ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը 2012-13թթ. կզարգացնի բիզնեսը մարզերում

Առաջիկա 2 տարում Հայաստանի Փոքր ու միջին զարգացման ազգային կենտրոնի ուշադրությունը սևեռված է լինելու գործարարության զարգացմանը համայնքներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 25-ին հայտնել է Հայաստանի Փոքր ու միջին զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը: «Համայնքի զարգացումը կայուն միջավայրի ապահովման հիմքն է խոցելի տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք ամրապնդվելով արդեն պայմաններ կթելադրեն շուկային»,-ասել է նա:

Այսօր Հայաստանի Փոքր ու միջին զարգացման ազգային կենտրոնը 10 տարեկան է: «Այս տարիներին մենք սովորեցինք, թե ինչ է ՓՄՁ և որ գործիքները կարող են առավել արդյունավետ լինել»,-ասել է Վարազդատ Կարապետյանը: Կառույցն աշխատում է վեց հիմնական ուղղություններով: Առաջին հերթին, վերանայվեցին ֆինանսավորման մեխանիզմները, որոնք առավել թափանցիկ ու հասանելի դարձան, խոսքը մասնավորապես վարկային երաշխիքների մասին է: Այդ ուղղությամբ կենտրոնը տրամադրում է մինչև 3 մլն դրամ 12 տոկոս տոկոսադրույքով մինչև 3 տարի ժամկետով առանց գրավի:

Վարազդատ Կարաեպտյանը կարևորեց կրթական ծրագրերի իրականացումը ու տեղեկատվության մատչելիությունը ՓՄՁ համար: «Տարեկան մոտ 5000 տնտեսվարող սուբյեկտ է օգտվում մեր տեղեկատվական բազայից և 300 տնտեսվարող սուբյեկտ ներգրավված է կրթական ծրագրերի մեջ»,-ասել է նա:

Կենտրոնը մտադիր է զարգացնել ձեռնարկատիրությունը մարզային համայնքներում՝ նույնանման փոքր ձեռնարկություններն արդյունաբերական համակարգում ընդգրկելու միջոցով: Պիլոտային ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզում, որտեղ մի քանի տնտեսավորղ սուբեյկտներ միավորվել են չրի արտադրության շուրջ:

Անդրադառնալով ֆինանսավորմանը՝ Կարապետյանը նշեց, որ 2012թ. պետբյուջեից 150 մլն դրամ կհատկացվի, սակայն կենտրոնն աշխատում է նաև միջազգային կառույցների հետ, այդ բյուջեն ավելացնելով գրեթե 4 անգամ: