Դոնեցկի «Մետալուրգի» հայազգի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ հանդիպման ընթացքը:
«Դաշտի կենտրոնում գնդակն ինձ մոտ էր և ես ուզում էի փոխանցում կատարել թիմակիցներիս, և այդ պահին Ադելեյեն ձեռքով հարվածեց քթիս: Հարձակման պահին ես դաշտում կորցրեցի գիտակցությունս»,- ասել է Մկրտչյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նրա խոսքով` իր մոտ նախնական ախտորոշմամբ քթի կոտրվածք է. «Դոնեցկ ժամանելուն պես մենք բժշկի հետ կգնանք հիվանդանոց, որտեղ իմ քիթը կհետազոտեն»:
Կիսապաշտպանը հուսով է, որ կկարողանա խաղալ Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակչում. «Չգիտեմ, թե ինչ կասեն բժիշկները, բայց իմ խաղալու ցանկությունը շատ մեծ է: «Մետալուրգի» համար յուրաքանչյուր խաղն ամենակարևորն է: Բոլորն էլ հասկանում են «Կարպատների» հետ խաղի գինը: Այդ խաղն առանցքային է մեզ համար»:
«Կարպատների» հետ կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Դոնեցկում: