28 մարտի 2003 - 18:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ Է ՀԱՍԵԼ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հայաստանը զգալի առաջընթացի է հասել շուկայական տնտեսության համար անհրաժեշտ իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման ճանապարհին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ամերիկյան օգնության համակարգողի պաշտոնակատար Թոմաս Ադամսը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի միջազգային գործերի կոմիտեում, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ ներկայումս Հայաստանի համար ամենակարեւորը բարեփոխված օրենքների հետեւողական իրագործումն է: Թ. Ադամսի խոսքերով` 2004 ֆինանսական տարում ԱՄՆ վարչակազմը մտադիր է «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում Հայաստանին հատկացնել 49.5 մլն դոլար: «Մենք համարում ենք, որ օգնության այդ ծավալը համապատասխանում է Հայաստանի չափսերին եւ նրա համեմատական ռազմավարական կարեւորությանը», - հայտարարել է դիվանագետը, նշելով, որ Կոնգրեսը միշտ առաջարկում է Հայաստանին հատկացնել ավելի շատ միջոցներ, քան առաջարկում է ԱՄՆ վարչակազմը: Թ. Ադամսն ընդգծել է, որ օգնության ծավալը թույլ կտա ԱՄՆ-ին շարունակել աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք, առաջին հերթին, ուղղված են կաշառակերության դեմ պայքարին եւ աղքատության նվազեցմանը: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով` 2004 ֆինանսական տարում վարչակազմը կպահանջի 55 մլն դոլար տարածաշրջանային տարբեր նախագծերի իրագործման համար: Այդ միջոցների մի մասը ԱՄՆ մտադիր են հատկացնել վստահության ամրապնդմանը եւ այլ խաղաղ նախաձեռնություններին ուղղված միջոցառումների համար, որոնց նպատակն է տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: