30 ապրիլի 2012 - 16:24 AMT
Երևանում կբացվի մեկ հեղինակի գեղանկարների, լուսանկարների, կինոյի և ժամացույցների եզակի ցուցահանդեսը

Մայիսի 4-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է մոսկովյան ռեժիսոր Հարություն Ջինանյանի (JINO) ցուցահանդես-ակցիան: Ինչպես հաղորդում են կազմակերպիչները, ցուցահանդեսի յուրահատկությունը նրանում է, որ միաժամանակ մեկ ցուցադրության մեջ ներկայացվելու են արվեստի տարբեր տեսակներ՝ տարբեր տարիների տեսագրություններից մինչև ձեռագործ ժամանացույցներ, որոնք պատրաստվել են հին խորհրդարային մեխանիկական ժամացույցներից: Աբստրակտ գեղանկարչական աշխատանքներից մինչև փաստագրական լուսանկարներ, որոնք արվել են հեղինակի կողմից ռուսական «Աշխարհի շուրջ» լեգենդար ծրագրի նկարահանումների ժամանակ:

Ցուցահանդեսի բանաձևն է՝ 4X24: 24 ժամ (ցուցադրվելու են ժամացույցներ), կինոյի 24 կադր (տարբեր տարիների տեսագրությունների և լուսանկարների ցուցադրություն), 24 գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև 24 լուսանկարներ ողջ աշխարհից: Հեղինակի գաղափարը նրանում է, որ որտեղ էլ գտնվի հայը, ինչ լեզվով էլ խոսի, որ ժամանակով էլ ապրի՝ մոսկվյան, նյույորքյան, փարիզյան, նրա ներսում միշտ երևանյան ժամանակ է:

Հարություն Ջինանյանը հեռուստատեսային ռեժիսոր է, նկարիչ, լուսանկարիչ: Որպես բեմադրող ռեժիսոր աշխատել է Մոսկվայում «Մոսսովետի» անվան թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր «ՕՌՏ» հեռուստաընկերությունում, եղել է «Աշխարհի շուրջ» Միխայիլ Կոժուխովի հետ ծրագրի ռեժիսորը: