30 ապրիլի 2012 - 18:18 AMT
Ադրբեջանում կրկին «ողբերգություն է». Google Maps-ում Բաքվի պողոտայի անվանումը հայերեն լեզվով է նշված

Google Maps-ում Բաքվի Նեֆչիլյար պողոտայի անվանումը հայերեն լեզվով է նշված, այս մասին ասվում է Ադրբեջանի Լրատվության կենտրոնի հաղորդագրության մեջ: «Չհանգուցալուծված հակամարտության պայմաններում վերոնշյալ փաստը կարելի է որակել որպես «տեղեկատվական սադրանք» ուղղված Ադրբեջանի դեմ: Էլեկտրոնային քարտեզագրության առաջատար Google ընկերության նման վերաբերմունքը անկախ Ադրբեջանի հանդեպ անթույլատրելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում արդեն ավանդույթ է դարձել ողբերգություն սարքել ամեն մի նման դեպքից ու բոլոր ռեսուրսներին մեղադրել Ադրբեջանի դեմ «սադրանքներ» նյութելու մեջ, այլ պատճառների հնարավորությունն իսկ անթույլատրելի համարելով: Այդ ոգով է կազմված նաև ադրբեջանական Լրատվության կենտրոնի հայտարարությունը, որի համաձայն «Ադրբեջանի համապատասխան պետական կառույցներն ու հանրությունը պետք է համատեղ ջանքերով կանխեն Ադրբեջանի աշխարհագրական և պատմական տեղանունների խեղաթյուրումը»: