27 մարտի 2003 - 22:31 AMT
ՔՐԴՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
Քրդստանի պետության առաջացումը Մերձավոր Արեւելքում կարող է արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, դա սպառնում է հարեւան Իրանում իրավիճակի ապակայունացմամբ, ինչը ծայրահեղ անշահավետ է Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ, այդ դեպքում հնարավոր համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Քրդստանի միջեւ, ինչպես նաեւ Քրդստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը, զգալիորեն կթուլացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում: Իր հերթին դա կմեծացնի Անկարայի վրա գործադրվող ճնշումն իր անմիջական հարեւանների եւ Եվրոպայի հետ բոլոր խնդիրների լուծման հարցում եւ, վերջին հաշվով, կստիպի համաձայնվել Հայաստանի հետ խնդիրների մի ողջ համալիրի լուծմանը, գտնում է ռուսաստանցի քաղաքագետը: