Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին արտահայտել է իր հարգանքը ԶԼՄ-ների աշխատակիցների քաջության նկատմամբ և ընդգծել նրանց էական դերը ժողովրդավարության զարգացման գործում:
«Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք բոլորովին այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը», - ասել է Միյատովիչը՝ խոսելով Թունիսից, որտեղ նա մասնակցում է մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովին: «Աշխատանքը կատարելիս, ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը և նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը»:
«Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետևում են, իսկ շատերն էլ դեռևս սպասում են արդարադատության», - շեշտել է նա:
«Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը և դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար: Ես կշարունակեմ հակադրվել սահմանափակողական օրենքներին և գործելաոճերին, որոնք լռեցնում են առցանց և ոչ առցանց լրատվամիջոցների անկախ և քննադատական ձայները»:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի, Ամերիկյան Նահանգների կազմակերպության ու Մարդու իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովի` ազատ մամուլի հարցերով երեք այլ հատուկ զեկուցողների հետ միասին, մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված համաժողովին: