Մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպել է ֆոտոցուցահանդես՝ §Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք¦ խորագրով։ Այն բացվել է Հայաստանի նկարիչների միությունում:
Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:
«Ցուցահանդեսի նպատակն է զանգ հնչեցնել կառավարությանը, հասարակությանը այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանում մամուլի ազատության և տեղեկատվության ազատության ոլորտում: Այստեղ առանձին լուսանկարներում պատկերվում են որոշ դեպքերում դրանց խախտումները, որոշ դեպքերում այդ իրավունքի իրականացումները», լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը:
Ֆոտոցուցահանդեսին մասնակցել են 60-ից ավելի լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, լրագրողներ, քաղաքացիներ, ուսանողներ և այլք` ներկայացնելով 300-ից ավելի լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնցից ժյուրին ընտրել է 50 լուսանկար և 20 ծաղրանկար այս ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով: Լուսանկարների հիմնական թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Լուսանկարներն ու ծաղրանկարները կտպագրվեն նաև մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:
Ցուցահանդեսի բացմանը ներկաներին ողջունեցին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր Ջոն Հեֆերնը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: