Եվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունն Ուկրիանայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի հետ կապված EURO-2012-ը բոյկոտելու մասին հիշեցնում են «սառը պատերազմի» մեթոդներ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Օլեգ Վոլոշինը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Եվրոպայի առաջնությունը սպորտ է, այլ ոչ թե քաղաքականություն, սա ֆուտբոլ է, այլ ոչ քաղաքական գագաթնաժողով: Եվ քաղաքական խնդիրները նման կերպ լուծելը նշանակում է դիմել «սառը պատերազմի» մեթոդներին»,- Վոլոշինի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ քաղաքական գործիչները, ովքեր կբոյկոտեն EURO-2012-ը քաղաքական նպատակներով, իրականում «կբոյկոտեն ողջ Ուկրաինան և նրա քաղաքացիներին» և կոչ է արել «Ուկրաինան չդարձնել իրավիճակի գերին, որը ստեղծվել է կոնկրետ մարդու՝ Յուլիա Տիմոշենկոյի շուրջ»:
Մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են, որ կբոյկոտեն Ուկրաինայում EURO-2012-ը նախկին վարչապետի հետ կապված սկանդալի պատճառով: