3 մայիսի 2012 - 18:24 AMT
Սարկոզին հավաստիացրել է հայերին, որ չի մոռացել Ցեղասպանության նոր օրինագծի մասին իր խոստումը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է գրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչյանին ու փոխնախագահ Արա Թորանյանին, որտեղ կրկին հաստատել է իր մտադրությունը՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծի նոր տեքստ ներկայացնել, հայտնում է Nouvelles d`Arménie-ին:

Նշենք, որ մասնակցելով ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը, Սարկոզին խոստացել էր նոր տեքստը ներկայացնել արդեն հունիսին:

Իր նամակներում նախագահը խոստացել է շարունակել պայքարը «հանուն արդարության հաղթանակի»:

Իր նամակներում Ֆրանսիայի նախագահը մասնավորապես նշել է, որ ինչպես նա արդեն հայտարարել է 2011թ. աշնանը Երևանում, հայ ժողովուրդը լավ ծրագրված գործողության զոհ է դարձել: «Հայ փախստականները դարձան Ֆրանսիայի հավատարիմ զավակները և շատ բան տվեցին նրան: Իսկ Ֆրանսիայի համար պատիվ էր ընդունել նրանց»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր Ֆրանսիայի համար պատիվ է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ըստ Սարկոզիի, ապրիլի 24-ի արարողությունը կրկին հիշեցրեց նրան սեփական խոստումը՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: «Ես հարգում եմ Սահմանադրական խորհրդի որոշումը, սակայն արդեն հունիսին խորհրդարան նոր տեքստով բանաձև կներկայացվի»,-ասել է Սարկոզին իր նամակներում:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: