Հայտարարվել են թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին լրագրողական մրցույթի արդյունքները: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղին արժանացավ Արզուման Հարությունյանը` «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրած սոցիալական հոլովակաշարի համար: Երրորդ տեղը զբաղեցրեց Սիրանուշ Մուրադյանը` «Երկիր մեդիա» հեռուստատեսությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Ի դեպ, այդ անվանակարգի երկրորդ տեղը մնացել է թափուր:
Ժյուրիի որոշմամբ` մրցանակային տեղեր չէին շնորհվել «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում: Փոխարենը որոշում էր կայացվել հետևողական աշխատանքի համար խրախուսական մրցանակ հանձնել «Հետք» առցանց պարբերականին:
2012-ի մարտին հայտարարված մրցույթին կարող էին մասնակցել 2011-ի հունվարից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում հրապարակված և հեռարձակված նյութերը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրները ստացան նաև դրամական պարգև` համապատասխանաբար` 300, 200 և 100 հազար դրամ: