4 մայիսի 2012 - 14:03 AMT
Վ.Օսկանյան. ՀՀԿ-ն փոքրամասնություն է կազմում, իսկ մյուս բոլոր քաղաքական ուժերը ճնշող մեծամասնություն

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) այսօր երկրում փոքրամասնություն է կազմում, իսկ հասարակությունն ու մյուս բոլոր քաղաքական ուժերը ճնշող մեծամասնություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի նիստում:

Ըստ նրա, եթե ընտրություններն արդար անցնեն, դա կանդրադառնա ապագա խորհրդարանի կազմի վրա, որը կկարողանա նոր կառավարություն ձևավորվել՝ դուրս բերելու համար երկիրը այս ծանր վիճակից:

Օսկանյանը նաև ասել է, որ ՀՀԿ-ն է պատասխանատու երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, և այդ պատճառով է խուսափել բանավեճերից, «քանի որ ասելիք չունի»:

Օսկանյանը հավելել է, որ շտաբին անդամակցող քաղաքական ուժերին ժողովրդի աջակցության մասին են վկայում բազմամարդ հանրահավաքները: Այդ առնչությամբ նա հեգնանքով նշեց, որ ՀՀԿ այսօրվա միջոցառումը հանրահավաք չի համարում, «քանի որ դա համերգ էր»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: