27 մարտի 2003 - 18:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՇՎԵԴԻԱՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
2003 թվականի աշնանը Հայաստանը եվ Շվեդիան նախատեսում են պայմանագրեր ստորագրել «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» եւ «Երկակի հարկումից խուսափելու մասին»: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան (նստավայրը Մոսկվայում) Սվեն Գիրդմանը Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, Ս.Գիրդմանը նշել է այդ պայմանագրերի ստորագրման կարեւորությունը երկկողմ տնտեսական կապերը զարգացնելու գործում: Վ.Խաչատրյանի խոսքերով, Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում` ուղղված օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: