6 մայիսի 2012 - 13:49 AMT
Միասնական շտաբը կնիքների խնդիրը գնահատում է որպես ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց

Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են:

Միասնական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս իրավիճակի նախօրոք կազմակերպաված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաև վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր:

Միասնական ընտրական շտաբը, որը միավորում է ընտրությունների օրինականության վերահսկողության նպատակով համագործակցող 3 քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես և Հայ Յեղափոխական Դաշմակցություն, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: «Ընտրողներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչ թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը»,- նշվում է հաղորդագրության մեջ: