7 մայիսի 2012 - 13:32 AMT
Սամվել Մարտիրոսյան. Սոցցանցերում չի նկատվում ընտրություններից հետո փողոց դուրս գալու տրամադրություն

Սոցցանցերում չի նկատվում ընտրություններից հետո փողոց դուրս գալու տրամադրություն: Այդ մասին հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարիտրոսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներից դժգոհ զանգվածի փողոց դուրս գալուն, ապա Մարտիրոսյանը նշել է. «Քաղաքացիական ակտիվությունն ու փողոց դուրս գալը տարբեր բաներ են: Փողոց դուրս գալը կոնկրետ Հայաստանում կուսակցական է լինում»:

«Ես, առնվազն, չեմ տեսնում ոչ կուսակցականների փողոց դուրս գալու պոտենցիալ: Չէ որ, այսպես թե այնպես, եթե փողոց դուրս գալու առիթ կա, ապա առաջինը դա կօգտագործեն կուսակցությունները և թույլ չեն տա մյուսներին առաջ անցնել»,-ասել է նա: Մարտիրոսյանը հավելել է, որ հաճախ,արտերկրում տեղի ունեցող ժողովրդական հուզումները, որոնք մենք որպես քաղաքացիական ակտիվություն ենք գնահատում, իրականում կազմակերպված են լինում քաղաքական ուժերի կողմից:

Իր հերթին տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Տիգրան Քոչարյանը նշել է, որ փողոց դուրս գալու հարցում վճռական են լինում նախագահական ընտրությունները: Ըստ նրա, խորհրդարանական ընտրությունների արդյունքում «որոշակի քաղաքական դասավորություն է առաջացել և քաղաքական գործիչները պետք է որոշեն՝ մասնակցել կամ չմասնակցել նախագահական ընտրություններին, կամ ինչպես մասնակցել: Այս ընտրությունները, մասնավորապես, համամասնական, ցույց տվեցին, թե ով ինչ շանս ունի նախագահական ընտրություններում»: