7 մայիսի 2012 - 14:45 AMT
Սամվել Մարտիրոսյան. Ցավալի է, որ բնակչության զգալի տոկոսը պատրաստ է քվեարկել ընտրակաշառքի դիմաց

Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերը անցած խորհրդարանական ընտրություններում: «Շատ ցավալի է, որ ազգաբնակչության զգալի տոկոսը ոչ միայն պատրաստ է քվեարկել ընտրակաշառքի դիմաց, այլ նաև վախենում է իր ձայնը տալ ուրիշին: Դա նշանակում է, որ 20 տարի անց հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու մասին, և գուցե մուրաբայի դիմաց հանձնենք, եթե այսպիսի բնակչություն ունենք»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մարտիրոսյանը նաև խստորեն քննադատել է ընդդիմության առաջնորդների կոչն ուղղված ընտրողներին՝ վերցնել կաշառքն ու քվեարկել մեկ այլ կուսակցության համար՝ հիշեցնելով, որ կաշառք վերցնելը քրեական հանցագործություն է համարվում: «Երբ քո քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն ասում են՝ գնացեք և քրեական հանցագործություն կատարեք, հետո ևս մեկը՝ «գցեք», արդեն չգիտես թե ինչ ասես… Ներեցեք, չեմ ցանկանում ցեխ շպրտել ամբողջ երկրի վրա, սակայն, ստացվում է, որ մենք կաշառակերների երկիր ենք՝ և վերևում, և ներքևում»,-ասել է նա:

Իր հերթին տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Տիգրան Քոչարյանը նշել է, որ չնայած ընտրակաշառք բաժանելու զանգվածային բնույթին, կոնկրետ շատ քիչ հաղորդագրություններ եղան այդ մասին: Նա նշել է, որ «հարկավոր է սովորեցնել մարդկանց, որ տանիքի նորոգմամբ կամ 10 հազար դրամով նրանց ապագան չի փոխվի»: