7 մայիսի 2012 - 15:51 AMT
Աբրահամ-Շտիգլից մենամարտը կարող է կայանալ Բեռլինում, Համբուրգում կամ Մագդեբուրգում

Ուլֆ Շտայնֆորտը՝ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի փրոմոութերը, ավստրալիացի Նադեր Համդենի հետ իր սանի մենամարտից հետո ափսոսանք է հայտնել, որ Շտիգլիցի հաջորդ մրցակից, աշխարհ նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արհամարհել է նրա սիրալիրությունը և չի օգտվել նրա կողմից ուղարկված այդ մենամարտի անվճար տոմսից:

«Դահլիճում պակասում էր Աբրահամը: Նրա ներկայությունն, անկասկած, ինտրիգ կավելացներ: Մենք Արթուրին Համդենի հետ մարտի մուտքի տոմս էինք նվիրել: Ես նույնիսկ հատուկ հետևել եմ, որպեսզի ոչ ոք չզբաղեցնի նրա դատարկ տեղը: Հուսով եմ, որ շուտով մեր առաջին հանդիպումը կկայանա: Անհամբեր սպասում եմ դրան»,- Շտայնֆորտի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն: Պետք է նշել, որ Քրիստիան Մայերը՝ Աբրահամի փրոմոութերական ընկերության ներկայացուցիչը, հայտնել է ամսաթիվը, երբ նրա բռնցքամարտիկը կարող է մենամարտել Շտիգլիցի դեմ:

«Նախնական տվյալներով, Աբրահամ-Շտիգլից մենամարտը կարող է տեղի ունենալ օգոստոսի 25-ին: Առաջիկա օրերին մենք որոշում կընդունենք դրա անցկացման վայրի մասին: Դա կարող է լինել Բեռլինը, Համբուրգը կամ Մագդեբուրգը: Մեր կարծիքով, Համդենը հիանալի մարտ է անցկացրել՝ ցուցադրելով իր հնարավորությունները»,- ասել է Մայերը: