7 մայիսի 2012 - 17:11 AMT
Հունիսի 2-21-ը դպրոցներում կանցկացվեն պետական ավարտական քննությունները

Պետական միասնական և պետական ավարտական քննություններն այս տարի կսկսեն մայիսի 25-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության աշխատակից Սյուզաննա Մակյանը` մայիսին կանցկացվի միայն ֆիզկուլտուրայի քննությունը: Նրա խոսքով` մնացած պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունները կանցկավեն հունիսի 2-21-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում գիտելիքի ստուգում կանցնեն նաև 4-րդ դասարանի աշակերտները:

Գնահատման և թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսել էր Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների 2011-2012 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2012 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը: Դասերը հանրապետության դպրոցներում կավարտվեն մայիսի 25-ին: