8 մայիսի 2012 - 10:41 AMT
«Առավոտ». Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց

«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին՝ հավանական համարում եք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր կոալիցիայի ձևավորումը, ասել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաև հավելել է. «Ինչու՝ ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը նա այսպես է դիտարկել. «Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը և գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցուց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել՝ հանուն ՀՀ-ի»: