8 հունիսի 2004 - 19:00 AMT
ԿԱՆԽՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՓՈՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ
Նախորդ գիշեր Ադրբեջանի բանակը փորձ է արել իր դիրքերն առաջ տանել Հայաստանի տարածքի ուղղությամբ` դեպի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պոմպակայան: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, երբ հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան հակամիջոցներ, ադրբեջանցիներն անկանոն կրակ են բացել Բերքաբեր գյուղի վրա: Հայկական կողմի պատասխան կրակը ստիպել է ադրբեջանցիներին դադարեցնել գնդակոծությունը: Աղբյուրի համաձայն` hայ զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան: Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին տարածել է տեղեկատվություն այն մասին, որ նախօրեի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Ղազախի շրջանում: