Հունիսի մեկին բուհերում կավարտվի առաջին փուլով դիմորդների հայտերի ընդունումը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչագան Գալստյանը: Առաջին փուլին մասնակցում են այս և նախորդ տարվա շրջանավարտները:
«Հունիսի 25-ից հուլիսի 2-ը տեղի կունենա գործերի ընդունելության երկրորդ փուլը, որը կազմակերպվում է արհեստագործական ուսումնարանների, միջին մասնագիտական ուս.հաստատությունների, արտասահմանյան հաստատություններ ավարտած դիմորդների փաստաթղթերի ընդունելություն», - իր խոսքում նշեց Գալստյանը:
Գալստյանը նաև նշեց, որ առաջին փուլի դիմորդների համար միասնական քննությունները կանցկացվեն մինչև հունիսի 22-ը, իսկ երկրորդ փուլի շրջանավարտների համար՝ հուլիսի 3-ից 8-ը: Բանախոսը տեղեկացրեց, որ «ընդունվածների ցուցակները պետք է պատրաստ լինեն մինչև հուլիսի 15-ը»:
Վաչագան Գալստյանն իր խոսքում խնդրանք ուղղեց դիմորդներին՝ «չթողնել փաստաթղթերի հանձնումը վերջին օրերին և ժամանակին հանձնել դրանք»:
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Միքայել Քավադյանն ընդգծեց, որ արդեն զգացվում է, որ 2012-ի դիմորդների քանակը մեծ է լինելու, քանի որ ՀՊՏՀ-ն արդեն ստացել է 90 դիմում:
«Շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը. հոսքը մեծ է: Պիտի այնպես աշխատենք, որ նշված ժամկետներում հասցնենք բոլոր հայտերն ընդունել», - ասաց Քավադյանը: