14 մայիսի 2012 - 16:38 AMT
Վերսկսվել են Երևանի կանաչապատման աշխատանքները

Լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012-ի ծրագրերով նախատեսված կանաչապատման և ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդեն ավարտվել են Դավիթ Բեկ փողոցի, Երևան-Եղվարդ խճուղու, Դավթաշենի կամրջի, ինչպես նաև Աթենքի փողոցի կամրջի հարակից հատվածների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին, ինչպես նաև սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:

«Ամենօրյա աշխատանք տարեք տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանն ու կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մասնակիցների կողմից երթուղիների սպասարկման մրցույթային պահանջների ապահովմանը, ինչով էլ կպայմանավորվի բնակչության սպասարկման որակի բարձրացումը:

Հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրի վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկը: «Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա»,-ընդգծել է քաղաքապետը, միաժամանակ հանձնարարելով նաև հետևողականորեն իրականացնել գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագիրը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին հանձնարարվել է ապահովել գովազդային ցուցատախտակներից նախընտրական պաստառների հեռացման և մաքրման աշխատանքները: