12 հունիսի 2004 - 18:52 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱԿՏԻՎԻՍՏ
Երեկ երեկոյան «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունից ազատ է արձակվել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Գլխավոր դատախազությունում, փոխվել է Վ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նա ազատ է արձակվել բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: Աղբյուրի համաձայն, նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ Հարությունյանը չի խոչընդոտել քննության ընթացքին: Նրա նկատմամբ քրեական գործը չի կասեցվել: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին` «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Հարությունյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված կոչերով հանդես գալու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու մեջ: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիրմիր Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Վաղարշակ Հարությունյանին առաջադրած մեղադրանքը «թույլ է, որոշակիացված չէ»: Օրերս Պրյախինը այդ հարցի առնչությամբ հանդիպել էր ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչների եւ ձերբակալվածի շահերի պաշտպանի հետ: