12 հունիսի 2004 - 21:10 AMT
ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ են մշակում: Այդ մասին «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքվի եւ Երեւանի կողմից մշակվող նոր պլանը ներառում է կողմերից յուրաքանչյուրի նախորդ առաջարկությունների տարրեր: Հիշեցնելով, որ Ադրբեջանը պաշտպանում է հակամարտության լուծման փուլային տարբերակը, իսկ Հայաստանը` փաթեթայինը, Մամեդյարովը նշել է, որ կողմերը փորձում են նշված երկու մոտեցումներից երկու կողմի համար էր ընդունելի գաղափարներ ընտրել: Նրա խոսքերով, դա արվում է հետագա բանակցությունների համար ընդհանուր պորտֆելի կազմավորման համար: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները սկսելուց առաջ անհրաժեշտ է կատարել պաշտոնական Բաքվի պահանջները` «Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման առնչությամբ»: