17 հունիսի 2004 - 20:28 AMT
ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՋՈՆ ԷՎԱՆՍԻ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
ԱՄՆ Սենատի Եվրոպայի հարցերով ենթակոմիտեն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Մարշալ Էվանսի նշանակմանը, որը մոտ ապագայում կփոխարինի Ջոն Օրդուէյին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, Ջ.Էվանսի մասնակցությամբ հունիսի 16-ին ենթակոմիտեյում տեղի ունեցած լսումների ընթացքում, դրա նախագահ Ջորջ Ալլենը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ներգրավված մնա Հարավային Կովկասի գործընթացներում եւ «խիստ պարիտետ» պահպանի Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության հարցում: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ավելին անի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Իր հերթին Ջոն Էվանսը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման գործին աջակցելու իր պատրաստակամության մասին: Նա նաեւ նշել է, որ պատրաստվում է հաճախակի քննարկումներ անցկացնել Թուրքիայի հետ` Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Անկարային խթանելու նպատակով: Հետագայում Ջոն Էվանսի նշանակման հարցը կքննարկվի Սենատի լիագումար կազմի կողմից: