19 հունիսի 2004 - 00:08 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՊՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Վրաստանը Հայաստանի հետ կապող Մարնեուլի-Սադախլո ավտոճանապարհի հատվածի վերականգնողական աշխատանքները կավարտվեն 2004 թվականի հոկտեմբերին: Այդ մասին նախօրեին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի ավտոճանապարհների պետական դեպարտամենտի նախագահ Ռոման Դալակիշվիլին: Նրա խոսքերով` մինչեւ վերջերս Մարնեուլի-Սադախլո ճանապարհի հատվածը երթեւեկության համար անպիտան էր համարվում: Սակայն, չնայած դրան, Վրաստանը եւ Հայաստանը կապող հիմնական ավտոմայրուղով փոխադրամիջոցների շարժը չէր դադարեցվել, նշել է Դալակիշվիլին: «Մարնեուլի-Սադախլո հատվածի երկարությունը կազմում է 30 կմ, որից 10 կմ վերանորոգվել էր 2003 թվականին` «Քուվեյթյան վարկից» տրամադրված միջոցների հաշվին: Մնացած 20 կիլոմետրի վերականգնողական աշխատանքները կֆինանսավորվեն Համաշխարհային բանկի վարկի հաշվին», - նշել է վրացի նախարարը: