18 մայիսի 2012 - 18:23 AMT
Դիլիջանն ու ռումինական Ռոման քաղաքը քույր-քաղաքներ են դարձել

Մայիսի 17-ին Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի և Հայաստանի քաղաքների միջև:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի և սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում,երկու քաղաքների բնակչության միջև տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում և փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում:

Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն և Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան և ծանոթացել Գյումրի, Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան և Այրում քաղաքներին:

Քաղաքապետներ Լեորենաուն և Սանթրոսյանը, ինչպես նաև դեսպան Գասպարյանը Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարեցին, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջև այժմ բարեկամության և համագործակցության նոր էջ է բացվում:

Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ընկած Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական ճանապարհների վրա, ուր միջնադարից բնակություն են հաստատել հայերը: Քաղաքում դեռևս կանգուն են 1609թ. հիմնված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին` ճարտարապետական գեղեցիկ կազմվածքով, ներքին հարուստ հարդարանքով և հայկական հազվագյուտ սրբապատկերներով, եկեղեցուն հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի հիմնականում մտավորական խավից կազմված փոքր հայ համայնք: