«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված։
«Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի մեծածախ միջին գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարի` 388 դրամ։ Այսինքն` այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով։ Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով արժեզրկվել է դրամը, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը Հայաստանում թանկացել է 11 տոկոսով։ Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում շաքարավազը պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է։ Այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը ուռճացված է 70 դրամով։ Մնացածն արդեն պարզ թվաբանություն է։ Ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ։ Յուրաքանչյուր կիլոգրամի մեջ 70 դրամ լրացուցիչ եկամուտը շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան լրացուցիչ, ուշադրություն դարձրեք, լրացուցիչ 18 միլիոն դոլարի եկամուտ։ Իսկ Հայաստան շաքարավազ միակ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի դարձավ վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»,–գրում է թերթը։