22 մայիսի 2012 - 16:17 AMT
Վերջին զանգի օրը ոստիկանությունը խիստ վերահսկողություն կիրականացնի

Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը։ Դրանով պայմանավորված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս օրերին անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ` համակարգված, միահամուռ ապահովելու համար Վերջին զանգի հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և ամենուր, հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս կոչ անել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև»,– նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ: