22 մայիսի 2012 - 16:33 AMT
Թավջութակահար Սևակ Ավանեսյանը Բելգիայից ճանաչվել է Lions European Musical Competition-ի հաղթող

23-ամյա թավջութակահար Սևակ Ավանեսյանը դարձել է Lions European Musical Competition համաեվրոպական մրցույթի հաղթող: Այդ մասին Բելգիայից PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց նրա հայրը` Սամվել Ավանեսյանը:

Եվրոպական 24 երկրներից յուրաքանչյուրի ներսում անցկացվում է տեղական մրցույթ մինչև 26 տարեկան թավջութակահարների միջև, եզրափակիչ փուլում երկիրը ներկայացնելու նպատակով: Երկու ամիս առաջ հայազգի երաժիտը հաղթել էր Բելգիայի տեղական պայքարում և Բելգիան ներկայացնելու իրավունք ստացել: Բոլորովին վերջերս արդեն բոլոր երկրների հաղթողները հավաքվել էին Բելգիայի Տոնգերեն քաղաքում, որտեղ պայքար ծավալվեց նրանց միջև: Մայիսի 6-ին, հաղթողի տիտղոսին արժանացավ Սևակ Ավանեսյանը:

Մինչ այս հաղթանակը Սևակն արդեն մի շարք միջազգային մրցույթներում տարբեր կարգի մրցանակներ ստացել էր, մասնավորապես՝ չորրորդ մրցանակ Ֆրանսիայում, երկրորդ մրցանակ և արծաթյա մեդալ Լյուքսեմբուրգում, երկրորդ մրցանակ Բելգիայում:

Սևակի հայրը նաև նշեց, որ վերջերս Սևակի մենահամերգներից մեկին ներկա է գտնվել աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին, որն այնքան էր տպավորվել նրա կատարմամբ, որ հաջորդ օրը անվարձահատույց և անժամկետ Սևակին տրամադրեց Կրեմոնայի ամենանշանավոր թավջութակի վարպետ Գոֆելերի պատրաստած 350 տարեկան մի հրաշալի գործիք, որը գնահատված է 6 միլիոն եվրո՝ նշելով, որ Սևակն արժանի է միայն այս կարգի գործիքի:

Սևակ Ավանեսյանը նվագում է նաև «Ավանեսյան տրիոյում» իր եղբոր` ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հետ: