22 մայիսի 2012 - 17:19 AMT
ՀՖՖ-ի 2 աշխատակիցներ արժանացել են ՈՒԵՖԱ-ի DFM ծրագրի դիպլոմների

Եվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարմանը նպաստելը միշտ էլ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով, Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ, ՈՒԵՖԱ-ն մշակել է մի շարք կրթական ծրագրեր` ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ամրապնդելու եւ կազմավորելու ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմի արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալուն` վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:

ՈՒԵՖԱ –ի DFM ութամսյա ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2011թ. սեպտեմբերին, իսկ ավարտական քննությունը եւ դիպլոմների շնորհման արարողությունը տեղի են ունեցել մայիսին: ՀՖՖ-ն ներկայացնում էին միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանը եւ նախկին ՀՖՖ լիցենզավորման բաժնի պետ Առնո Սարգսյանը, որը ներկայիս ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի գծով պատասխանատուն է: ՈՒԵՖԱ-ի CFM ծրագրի երկրորդ թողարկման մասնակից էր ՀՖՖ մասսայական բաժնի աշխատակցուհի Լալա Երիցյանը:

DFM դիպլոմների եւ CFM վկայականների շնորհման պատվավոր արարողությունը տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: 2010 –ի սեպտեմբերին մեկնարկել է նաև ՈԻԵՖԱ-ի կրթական բարձրագույն ծրագիրը` MESGO -ն, որը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մագիստրոսի կոչում Եվրոպական սպորտի կառավարման ոլորտում: Ծրագիրն ուղղված է վերլուծելու Եվրոպական սպորտի կառավարման ոլորտում առկա եւ գալիք կարեւորագույն խնդիրները: MESGO-ի շրջանակներում ՀՖՖ-ն ներկայացրել է առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: