23 մայիսի 2012 - 13:37 AMT
Սամվել Նիկոյան. Ադրբեջանում հանրային կարծիքը կտրուկ դեմ է նրանց, ով ջերմ հարաբերություններ ունի հայերի հետ

Երեկ տարածված կեղծ տեղեկություններից հետո այն մասին, թե ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ՍԾՏՀ ԽՎ 39-րդ ընդլայնված նիստի ադրբեջանցի մասնակիցները չեն մասնակցել ընդհանուր ընթրիքին: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանը: «Նրանց մոտ, ի տարբերություն մեզ, հասարակական տրամադրությունները կտրուկ դեմ են նրանց, ով ջերմ հարաբերություններ ունի հայերի հետ…Հանրային կարծիքը նրանց շատ խիստ կքննադատի»,-ասել է խոսնակը:

Նիկոյանը նշել է, որ տարբեր երկրների պատգամավորները մերձենում են ու ընկերություն են անում տարբեր միջազգային կառույցներում, բացառություն չեն նաև հայ և ադրբեջանցի պատգամավորները: Նա նշել է, որ երկու երկրների պատգամավորների միջև նորմալ մարդկային հարաբերություններ են, շատ հարցերում կան տարբեր մոտեցումներ, «միայն Ղարաբաղի շուրջ տեսակետներն են տարբեր»:

Խոսնակը որպես օրինակ բերել է ՍԾՏՀ ԽՎ ադրբեջանցի պատգամավորներից մեկի ջերմ ողջույնը, որը ծնունդով Սրսիանի գյուղերից է և որին նա մի քանի տարի առաջ ուղեկցել է գյուղ կատարած այցելության ժամանակ:

Նիկոյանը հավելել է, որ մի քանի տարի առաջ ադրբեջանական հանրությունն առավել հանդուրժող էր հայերի հանդեպ, քան այսօր: «Ալիևը կարողացավ ատելություն սերմանել հայերի հանդեպ և բնականաբար պատգամավորները չեն կարող զերծ մնալ դրանից»,-ասել է նա:

Մայիսի 21-23 Հայաստանում անցնում է ՍԾՏՀ ԽՎ 39-րդ ընդլայնված նիստը: Երևան են ժամանել պատվիրակություններ Ալբանիայից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Ուկրաինայից: Որպես դիտորդ մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելառուսի, Եգիպտոսի, Իսրայելի ու Սլովակիայի ներկայացուցիչները: