23 մայիսի 2012 - 15:04 AMT
«Սարդարապատը» հրապարակել է այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության ճանապարհային քարտեզը

«Սարդարապատ» շարժումն այսօր հրապարակել է Այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության և նոր Հանրապետության հիմնադրաման ճանապարհային քարտեզը: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ խորհրդարանական վերջին «ընտրությունները» ևս մեկ անգամ ապացուցեցին, որ վարչախումբը, կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չի թողել հասարակությանը` դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն և նոր համակարգի ձևավորում:

«Անհետաձգելի շրջադարձն այլընտրանքային միջոցներով իրականացնելու անհրաժեշտութհունը վաղուց հասունացել է: Ստորև ներկայացվածը` այլընտրանքային ընտրությունների միջոցով Հայաստանում նոր Հանրապետության ձևավորման ճանապարհային քարտեզն է:

Ճանապարհային քարտեզի նպատակն է` հասնել Հայաստանում լեգիտիմ և անցնցուն իշխանափոխության: Գործընթացի հաջողության, դրա լեգիտիմության և անցնցունության առանցքն է լինելու` հասարակական պայմանագրերի կնքումը, մի կողմից, քաղաքացիների և, մյուս կողմից, հանրային բաց քննարկումների արդյունքում ձևավորվելիք նոր Հանրապետության ծրագրի կրողները հանդիսացող, նույն խմորումների ընթացքում ձևավորված ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր Խորհրդարանի միջև:

Ամբողջ գործընթացը պայմանականորեն բաղկացած է լինելու երկու փուլերից: Առաջինը` լեգիտիմության չհավակնող նախախորհրդարանի կազմավորման ու գործունեության փուլն է, որի առաքելությունն է` մասնագիտական և հանրային բաց մասնակցության ձևաչափով մշակել և հաստատել ապագա Հայաստանի պատկերացումը: Երկրորդ փուլում պետք է կազմավորվի ներկայացուցչության ավելի բարձր աստիճանով ներկայացող Հիմնադիր Խորհրդարանը, որը քաղաքացիների հետ պայմանագրերի ստորագրությամբ ձեռք է բերելու ամբողջական լեգիտիմություն և իրականացնելու է անցնցուն իշխանափոխություն:

Նոր և ներկա հանրապետությունները կամրջվելու են անխուսափելի, բայց և սահմանագծված անցումային փուլով: Սույն նախաձեռնության համար սկզբունքային նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը: Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է և, որպես այդպիսին, բոլոր հայերի, ներառյալ արտերկրաբնակ հայության, իրավունքն ու պարտականությունն է ներգրավվել Հայրենիքի ներկայի ու ապագայի կերտման գործի մեջ:

Պետական ներկայացուցչական և գործադիր մարմիններում պաշտոնավարության պայմանը, այս առումով, հայրենաբնակությունն է»,-ասվում է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ: